«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Հայաստանում մեկ օրենք պետք է լինի միայն

Հայաստանում մեկ օրենք պետք է լինի միայն
02.03.2016 | 15:59

Ֆեդերիկա Մոգերինին եկավ Հայաստան ու նրա հետ հանդիպումներում բոլորը խոսեցին բարեփոխումների մասին: Հայաստանը քսանհինգ տարի է՝ բարեփոխվում է: Կատարելությունը, հարկավ, անվերջ գործընթաց է, բայց ի՞նչ է ու ինչո՞ւ է բարեփոխվում Հայաստանում:
Մարտի 1-ին նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որ վերակազմակերպվի ֆինանսների նախարարությունը՝ կառանձնացվի կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն:
Կառավարությունը մեկամսյա ժամկետում պետք է ընդունի հրամանագրից բխող որոշումներ: Պետական եկամուտների կոմիտեն 2014-ի մայիսին էր միավորվել ֆինանսների նախարարության հետ։ 2014-ի մայիսի 1-ին ՀՀ նախագահը հրամանագիր էր ստորագրել կառավարությանն առընթեր պետական եկամուտների և ճարտարապետության պետական կոմիտեները վերակազմակերպելու և ֆինանսների ու քաղաքաշինության նախարարություններին միացնելու մասին: Հրամանագրով կառավարությանը հանձնարարվում է մեկամսյա ժամկետում ընդունել հրամանագրից բխող իրավական ակտեր: Մի քանի օր առաջ առանձնացվեցին արտակարգ իրավիճակների և տարածքային կառավարման նախարարությունները, որ միավորվել էին երկու տարի առաջ: Հետո՞: Որևէ մեկը պիտի՞ բացատրի այս փոփոխությունների պատճառը, նպատակը, իմաստը: Որևէ մեկը պիտի մտածի՞, թե գումարում-հանում-բաժանում-բազմապատկումների հետևանքով ի՞նչ է կատարվում նախարարություններում: Ֆինանսները՝ ֆինանսներ, դա առանձին խոսակցության թեմա է: Նախարարություններում աշխատում են մարդիկ՝ պետական ծառայողներ, նրանց իրավունքները իբր պաշտպանված են օրենքներով, բայց քանի՞ օրենք է Հայաստանում գործում, երբ ի հայտ է գալիս ամենազիլ պահպանվող չգրված օրենքը՝ ամեն ղեկավար իրավունք ունի սեփական թիմն ունենալ: «Կադրային ջարդ» արտահայտությունը ես չեմ հնարել: Յուրաքանչյուր վերակազմակերպման, նոր ղեկավարի նշանակման հետևանքով բեկվում են մարդկային ճակատագրեր, ու ոչ մեկին դա չի վերաբերում՝ բացի աշխատանքը կորցրածից: Երբևէ Հայաստանում կարո՞ղ է օրակարգային թեմա դառնալ աշխատանքի կազմակերպման արդյունավետությունը, թե՞ միշտ ու բոլոր հարցերում շարունակելու ենք առաջնորդվել քաղաքական նպատակահարմարությամբ: Իսկ այդ «քաղաքական նպատակահարմարությունը» սահմանում չունի, երբ ասես, ում հետ ասես կարող է պատահել: Օրինակ, քիմիկոս Դավիթ Լոքյանը կարող է դառնալ քաղաքաշինության, հետո գյուղատնտեսության, հիմա՝ տարածքային կառավարման ու զարգացման նախարար: Շատ համահունչ ոլորտներ են, չէ՞: Ասենք, նախարարը կազմակերպիչ է, կրթությունը կարևոր չէ, բայց խիստ ձևական բացատրություն է դա՝ յուրաքանչյուր ոլորտ պետք է ղեկավարի բազային կրթություն ունեցողը: Հայաստանի պարագայում կարևորը ոլորտները չեն՝ մարդիկ են, որ տեղից տեղ են տեղափոխվում, նշանակվում ու վերանշանակվում են, ու դա անվանվում է բարեփոխում՝ կառուցվածքային: Միանշանակ է, որ պետական կառավարման համակարգը չի կարող քարացած լինել ու իրապես արդյունավետ կառավարման համար պետք է ճկուն լինի՝ արձանագրելով կյանքում կատարվող փոփոխությունները: Փորձաքարը հենց դա է՝ ճիշտ գաղափարը գործողության մեջ վերածվում է քաղաքական պատեհապաշտության և ձևավորում քամու աշխատանք, որի հետևանքները կրում է պետությունը, իսկ արդյունքները վայելում է իշխանությունը, և զավեշտ է, որ ամեն ինչ արվում է ժողովրդի անունից ու միջազգային կառույցներն էլ ֆինանսավորում են Հայաստանի Հանրապետությունում կատարվող բարեփոխումները:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Հայաստանին մեկ օրենք է պետք միայն՝ կատարել ընդունված օրենքները: ՈՒ՝ դադարեցնել վերջապես «բարեփոխումների» այս բրոունյան շարժումը, որի օգտակար գործողության գործակիցը տնտեսության վիճակն է ու դատարկ գանձարանը:

Դիտվել է՝ 1980

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ